Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պարտադիր չէ, որ բոլորը լինեն թատերախաղեր

03.20.2014


Այսօր Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կայացավ միջազգային կոնֆերանս, նվիրված շեքսպիրյան թատրոնի հիմնախնդիրներին, ձեռքբերումներին, զարգացման միտումներին:

Միջոցառումն անցկացվում էր Շեքսպիրի 450-ամյակին նվիրված Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:

Ներկաների առջև հիմնական բանախոսությամբ հանդես եկան անգլիացի մեծ դրամատուրգի անունը կրող և 10 երկրների մասնակցությամբ ձևավորված միջազգային փառատոնային ցանցի անդամ երկրների ներկայացուցիչները: Նրանք խոսեցին իրենց երկրներում Շեքսպիրի դրամատիկական աշխատանքները հանրությանը ներկայացնելու մեթոդներից, այս կամ այն ստեղծագործության բեմականացման մեջ կիրառվող նորարական հնարքներից, շեքսպիրյան թեմաներով փառատոնային գործունեության նկատմամբ հետաքրքրությունը առավել ընդլայնելու եղանակներից:

Օրինակ, Հունգարիայի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Սանդոր Ջոզեֆ Գեդեոն նշեց, որ իրենք ներկայացումներից զատ փորձում են հանդիսատեսների համար կազմակերպել նաև ժամանցային ամենատարբեր և զվարճալի միջոցառումներ: Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր փառատոնի ընթացքում հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացվում 35-40 ներկայացում: Սակայն, ինչպես նա նշեց, այդ ներկայացումները պարտադիր չէ, որ բոլորը լինեն թատերախաղեր: Փառատոնը հանդիսատեսների ուշադրությունը կարող է զբաղեցնել նաև այլ բնույթի ժամանցային ծրագրերով՝ համերգային ելույթներով, ֆիլմերի ցուցադրությամբ և նույնիսկ շեքսպիրյան կերակրատեսակների հյուրասիրությամբ:

Ընդհանուր առմամբ շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի անդամ երկրների մոտեցումներում ընդհանուր գիծը հենց այդ էր՝ ներկայացումներին զուգահեռ հանդիսատեսների առջև հանդես գալ այնպիսի բազմազան ժամանացային առաջարկներով, որոնք ինչ-որ կերպ մարդկանց հետաքրքրասիրությունը կշարժեն անգլիացի դրամատուրգի նորովի բեմականացված աշխատանքները դիտելու համար:

Ռումինիայի Կրայովայի շեքսպիրյան փառատոնի ներկայացուցիչը նշեց, որ իրենք միջոցառումների ընթացքում ոչ միայն հույս ունեն աշխարհի տարբեր կողմերից հրավիրված թատերախմբերին մերձեցնել միմյանց հետ, օժանդակել որպեսզի նրանք հասկանան իրար ու փոխանակեն Շեքսպիրի գործերը բեմականացնելու իրենց ձեռքբերումները, այլև մասնակցեն կազմակերպվող ընդարձակ մշակութային միջոցառումներին՝ դիզայնի, նկարչության ցուցահանդեսներին, ներկա լինեն նոր գրքերի ու սկավառակների շնորհանդեսներին և այլն:

Ասենք, որ կոնֆերանսի ընթացքում պարզվեց, որ շեքսպիրյան փառատոների ավանդույթը ունի գրեթե երկդարյա պատմություն: Ըստ Դանիայի Էլսինոր քաղաքի «Շեքսպիրը Համլետի ամրոցում» փառատոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն Լարս Էնջելսի իրենց փառատոնը հիմնադրվել է դեռևս 1816 թ.-ին: Անգլիացի դրամատուրգի դանիացի հերոս արքայազն Համլետի հայրենի քաղաքում իրենք բեմականացնում են միայն շեքսպիրյան պիեսներ և յուրաքանչյուր այդպիսի ներկայացումը դիտելու համար արտասահմանյան տարբեր երկրներից Էլսինորի թատրոն են ժամանում մոտ 300-400 հանդիսատես:
    Դիտվել է 1093 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ