Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական նվեր «Երևան-2796»-ին՝ Վրաստանի մայրաքաղաքի ռուսական թատրոնի մատուցմամբ

10.13.2014

Երևանի 2796-ամյակին նվիրված տոնակատարությունների բուռն ու կրակոտ միջոցառումները, որոնք հրավառության պես բռնկվում էին այս կամ այն մարդաշատ հրապարակում կամ պուրակում, հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամը 19;00-ին ասես յուրահատուկ էներգետիկ ուղերձների փոխանակություն սկսեր մայրաքաղաքի գլխավոր թատերական բեմահարթակի հետ:

Հնամյա հայոց մայրաքաղաքի հասարակական վայրերում Մեծ հանդիսությանը մասնակցող տասնյակ, գուցե և հարյուր հազարավոր մարդկանցից տարբեր տարիքի կանայք, տղամարդիկ, աղջիկներ ու երիտասարդներ աստիճանաբար առանձնացան, հավաքվեցին Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի հանդիսասրահում:

Երևան էր ժամանել Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան պետական ռուսական թատրոնը: Հայտնի թատերախումբը պետք է ներկայացներ իր լավագույն գործերից մեկը՝ ռուս դասական գրող Լ. Տոլստոյի «Կտավ չափողը : Մի ձիու պատմություն» պատմվածքի հիման վրա, թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր Ավթանդիլ Վարսամաշվիլիի բեմադրությունը:

Հյուրախաղերը սկսվել էին նախորդ օրը: Ու, թեև, շատ երևանցիներ, արդեն գիտեին թե ինչ նկարագիր ու կերպավորում կարող է ունենալ բնության առողջ բնազդների և մարդկային էգոցենտրիզմի բախումն ըստ վրաց-ռուսական թատերախմբի, բայց և այնպես դրսի տոնական աղմուկից մեկուսացած հանդիսասրահը այս անգամ ևս, ինչպես նախորդ օրը, վարագույրը բացվելուց առաջ, օտարոտի սպասման մեջ էր:

Սպասումն, այո, երկօրյա հյուրախաղերի պարագայում օտարոտի էր, որովհետև առաջին օրը համաքաղաքային մջոցառման նախապատրաստությունների, իսկ երկրորդ օրը՝ այդ նախապատրաստությունների արդյունք հանդիսացող հրավառությունների, տոնական տրամադրությունների, ծնծղաների ու ամենատարբեր երգ ու մեղեդիների և էլի հազար ու մի ցուցադրանքների միջով անցնելով հայտնվել թատրոնի խորհրդավոր վարագույրի ու նրանից ճառագվող բազմախոստում լռության առաջ, պարզապես այլ հոգեվիճակ չէր կարող առաջացնել:

Բայց ինչպես նախորդ օրը, այնպես էլ կիրակի երեկոյան հանդիսաեսը արդեն դահլիճում էր: Նա ակնկալում էր տպավորությունների ու հեգեվիճակների նույնպիսի ուժ, ինչ զգում է, օրինակ, դրսում թմբուկների աղմուկի մեջ իր ժամանակակից ռիթմերը վայելող ռեփերը կամ դի ջեյը:

Եվ հանդիսատեսի այդ դժվար, ինչ-որ տեղ չափազանցված սպասումները վրաց-ռուսական թատերախումբը արդարացրեց լիովին:

Ներկայացումը բեմադրական և կատարողական ներկապնակով ուղղակի չափազանց բազմազան էր: Այն կառուցվել էր լոկալ հատկանիշնորով օժտված բազմաթիվ բաղադրիչներից, բայց ամբողջության մեջ, այնուամենայնիվ, շատ համասեռ էր: Դա բեմում ծավալվող պատումին տալիս էր ոչ միայն անչափելի խորք, այլև յուրաքանյուր դրվագի յուրահատկությունը ողջ բովանդակությամբ և զգացմունքայնությամբ ընկալելու հնարավորություն:

Ռուս հանճարեղ գրողը ներկայացրել է ձիերի մեջ «անճոռնի ճուտիկ»-ին, որը կյանքի ու սիրո իր ձգտումների մեջ ոչնչով պակաս չի քան, ասենք, այն նժույգը, որն ի վերջո պիտի դառնար թագավորի ձին: Սակայն իր տեսքով ու վարքով ընդհանուրին չնմանվողի նկատմամբ կենդանիների ու մարդկանց անհանդուրժողականությունը հնարավորություն չի տալիս «անճոռնի ճուտիկ»-ին վերածվելու կարապի...

Իր լայն քայլվածքի համար «Կտավ չափող» մականունն ստացած շերտավոր և անհրապույր մորթով ձին ի վերջո կործանվում է, մարդկային էգոցենտրիզմի և անուշադրության պատճառով:

Բեմադրության պատումը, իր խճանկարային կառուցվածքով հանդերձ, ամբողջացվում էր թատրախաղային երկու ժանրերի համադրությամբ՝ խոսքային և պլաստիկական: Ընդ որում թեև խոսքն օժանդակում էր սյուժետային գիծը պահպանելուն և այդ ծիրում հանդիսատեսին պահելու համար, ապա պլաստիկան ներկայացմանն ուղղակի տալիս էր տրանսցեդենտալ ոգեղենություն, որի միջոցով էլ հանիսատեսի և բեմի միջև առկա պայմանական սահմանը կարծես հոդս էր ցնդում:

Արժանի ներկայացում, որն, անշուշտ, գեղագիտական բարձր հատկանիշներից բացի, իր քաղաքի տոնը նշող թատերասեր երևանցիների համար գեղեցիկ ու բովանդակալից նվերի իմաստ ուներ՝ եղբայրական Վրաստանի մայրաքաղաքի ռուսական թատրոնի մատուցմամբ:

Հեղ.՝ «ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 1921 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ