Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանների մասնագիտական վարպետությունը չի քննարկվում

03.16.2016


Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասի բեմականացրած «Եվգենի Օնեգին»-ը, որը մեծ հաջողությամբ ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ առաջատար բեմահարթակներում, հայրենիքում, ավելի ստույգ, Եկատերինբուրգում կայացած հյուրախաղերի ժամանակ առաջացրել է հանդիսատեսների միանգամայն անսպասելի արձագանքը, որը հասարակական մեծ հնչողություն է ստացել հատկապես սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում: Կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ դաշնային կենտրոնական թերթերից մեկը հոդված է տպագրել, թե «Ինչու՞ են մայրաքաղաքային թատրոնները հիասթափեցնում գավառացիներին» վերնագրով:

Վախթանգովցիներին հասցեագրված մեղադրանքի էությունն այն է, թե ինչու՞ է Եկատերինբուրգում ցուցադրված ներկայացման մեջ նախապես հայտարարված դերասան Սերգեյ Մակովեցկու փոխարեն գլխավոր դերերից մեկը կատարել Ալեքսեյ Գուսկովը: (Նշենք, որ երկու դերասանների մասնագիտական վարպետությունը չի քննարկվում, այլ քննարկվում է ընդամենը այն հարցը, թե ինչու՞ է թատրոնը ազդագրերում հայտարարել մեկ դերասանի անուն, իսկ ներկայացման ժամանակ բեմ հանել, մեկ ուրիշի):

Իսկ խնդիրն այն է եղել, որ Մակովեցկին ներկայացումից առաջ իրեն հանկարծակի վատառողջ է զգացել և այդ պատճառով փոխարինվել է նույն դերակատարման համար պատրաստված մեկ այլ դերասանով, տվյալ դեպքում՝ Գուսկովով: Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը պնդում է, որ հանդիսատեսին չեն հասցրել այդ փոփոխության մասին տեղեկացնել, քանի որ ամեն ինչ կատարվել ներկայացումն սկսելուց մի քանի ժամ առաջ: Բացի այդ նա ընդգծել է, որ «հանդիսատեսները տոմսերը ձեռք են բերել ոչ թե Մակովեցկու ստեղծագործական երեկոյի, այլ Ռիմաս Տումինասի «Եվգենի Օնեգին» բեմադրության համար»: Ըստ նրա, «Թատրոնը պարտավոր է հանդիսատեսներին զգուշացնել միայն ներկայացման փոփոխության դեպքում»: Իսկ այն ներկայացումը, որի մասին հայտարարվել է, այդուամենայնիվ, հանդիսատեսը դիտել է: Բացի այդ, ինչպես նշել է Կրոկը, թե Ռուսաստանում և թե արտասահմանում ներկայացումը միշտ էլ գնահատվել է ոչ գլխավոր դերը կատարողի վարպետության համար:

Նշենք, որ Մակովեցկուն երկրպագող հանդիսատեսներին թատրոնի ղեկավարությունը առաջարկել է նույն տոմսով գալ իրենց հյուրախաղային ներկայացմանը մի քանի օր հետո՝ խոստանալով նրանց ապահովել տեղեր հանդիսասրահում լրացուցիչ տեղադրված աթոռների վրա:

Այսպիսի հակասություններ թատրոններում հաճախ են հանդիպում: Հանդիսատեսի վերաբերմունքը ներկայացման նկատմամբ չի ենթարկվում որևէ կանխատեսման: Նման դեպքերում, անշուշտ, ավելի գերադասելի է, որ առաջացած խնդիրները հնարավորինս կարգավորվեն հանդիսատես-թատրոն փոխպայմանավորվածությամբ:

Ինչ վերաբերվում է կյանքի օրոք արդեն լեգենդար դարձած Ռիմաս Տումինասի բեմադրությանը, ապա այդ մասին բնութագրականը, թերևս, Եկատերինբուրգի «Պրեմիում» հյուրախաղային գործակալության տնօրեն Կիրիլ Զայակինի հայտարարությունն է, ով նշել է, որ «Երեք հազար հանդիսատեսների ճնշող մեծամասնությունը, ովքեր դիտել են ներկայացումը, դահլիճից դուրս է եկել մեծ տպավորությամբ»:
    Դիտվել է 799 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ