Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանցիները դիտեցին մի «Սովորական պատմություն» Թբիլիսիի լեգենդար թատրոնի կատարմամբ

03.26.2016

Մարտի 25-ին Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում ներկայացրեց ուկրաինացի դրամատուրգ Մարիա Լադոյի «Սովորական պատմություն» պիեսի սեփական մեկնաբանությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ:

Այս դրամատիկական աշխատանքը շոշափում է ժամանակակից կյանքի մի այնպիսի ցավոտ հիմնախնդիր, ինչպիսին մայրանալու պատրաստվող կանանց մոտ հղիության արհեստական վիժեցումն է:

Ըստ հեղինակային մտահղացման, ներկայացման իրադարձությունները ծավալվում են աշխարհն ու մարդկանց յուրովի դիտարկող, նրանց լավ ու վատ կողմերը սեփական բնական չափանիշներով բացահայտող ու գնահատող ընտանի կենդանիների աչքերի առջև:

Հանդիսատեսը միանգամից հայտնվում է մարդու կենցաղում ու մասնավոր տնտեսության մեջ իրենց առօրյա ներկայությամբ վաղուց սովորական դարձած չորքոտանիների աշխարհում, որտեղ պարզվում է, որ նույն արևն է երկնքում փայլատակում, իսկ հեռու հովիտի միջով հոսող գետի ափին՝ տիրոջ հետ զբոսանքի մեկնող շան երջանկությունն է թևածում:

Երիտասարդ տղան և աղջիկը սիրում են միմյանց: Նրանք դեռ օրինական ամուսիններ չեն, սակայն արդեն պետք է երեխա ունենան: Սակայն տղայի հայրը կտրուկ դեմ է ոչ միայն իր հարևան հարբեցողի աղջկանից թոռնիկ ունենալու հեռանկարին, այլև պահանջում է, որ նա անմիջապես արհեստականորեն ընդհատի իր հղիությունը:

Այս պատմությունը, թեև հյուսվում է մարդկանց միջավայրում գեներացվող և կենդանական աշխարհին փոխանցվող ողբերգության համապատկերում, բայց, ի վերջո, ստանում է լավատեսական լուծում՝ լուսավորված ոչ միայն, ծնված մանկան լացով, այլև ընտանի կենդանիների հավատարմությամբ ու հանուն կյանքի նրանց ցանկացած զոհաբերության պատրաստակամությամբ:

Թբիլիսիի հայկական պրոֆեսիոնալ թատերախումբը այս անգամ Երևան է ժամանել Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում, որը կայանալու է այսօր՝ մարտի 26-ին՝ Թատրոնի միջազգային օրվա նախօյակին: Վրացահայ բեմի վարպետները «Լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդական ներկայացում» և «Լավագույն ներկայացում» անվանակարգերում հավակնում են «Արտավազդ-2016»-ի մրցանակներին:

«Սովորական պատմություն» ներկայացման առաջնախաղը կայացել է 2015թ.-ի նոյեմբերի 9-ին՝ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը՝ Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է: Այս լեգենդար մշակութային հաստատության պատմությունն սկսվում է 19-րդ դարի առաջին կեսից :




Հեղինակ՝ «ԹԱԳԼՈՒՐ»
    Դիտվել է 985 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ