Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ո՞ր ուղղությամբ է թիրախավորված համաշխարհային ցանցը

07.28.2014

Ինչպե՞ս կարելի է ազատ զգալ համացանցում, որը կառավարությունների կողմից ավելի ու ավելի կոշտ վերահսկողության է ենթարկվում: Մարդկային հաղորդակցության այդ նոր միջավայրում «անկեղծ» շփումների կամ իրենց իսկ անձի վերաբերյալ տարաբնույթ տեղեկատվություն տարածելու հարցում «ժողովրդավարության» կողմնակիցներին հասցեագրվող զգուշացումները այս կամ այն ձևով հաճախակի են սկսել հրապարակվել զանգվածային լրատվամիջոցներում:

Չնայած այդ հանգամանքին, այնուամենայնիվ, շատերի համար համացանցի նկատմամբ վերապահումներով մոտենալու առաջարկություններն ու կարծիքները թվում են անտեղի և անհիմն: Սակայն, վերջին շրջանում հրապարակվող ծանրակշիռ փաստարկները, կարծես ավելի են հստակեցնում զգուշացումների հիմնավորվածությունը:

Օրինակ, տակավին վերջերս, այդպիսի հստակ և առարկայական իրավիճակ ձևավորվեց ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներով:

Սակայն, չգիտես ինչու, մարդկային զգուշավորությունը ամենուր իր համար անտեսանելի վտանգներին միշտ արձագանքում է մակընթացության և տեղատվության կանոններով: Այսինքն՝ երբեմն զգոնանթյունը գլուխ է բարձարացնում, իսկ երբեմն էլ հայտնվում է անտարբերությունը, որը իրականում միշտ նման է հեքիաթի լավետեսական ավարտի ինքնախաբեության:

Նման մտածողությունը տեխնիկական զարգացման և բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում մոլորության տանող ամենակարճ ուղին է : Երբեք չպետք է մոռանալ, որ տեխնիկական միջոցների հետ հաղորդակցությունը չի կարող հիմքում ունենալ զգացմունքային նախատրամադրվածություն: Ցանկացած սարք պետք է գնահատվի, ինչպես թատերախաղերում՝ պատից կախված հրացանը, որն անշուշտ, ինչ-որ պահի կարող է կրակել:

Եվ այսպես, ո՞ր ուղղությամբ է թիրախավորված համաշխարհային ցանցը:

Այդ մասին դեռևս շատ վաղուց իր հստակ պատասխանը տվել է ամերիկացի խոշորագույն ծրագրավորող Ռիչարդ Մեթյու Սթոլմանը, «Ազատ ծրագրային ապահովում» շարժման և կոմերցիոն նպատակներով գործող հայտնի «Windows » և «IOS» օպերացիոն համակարգերի այլընտրանքային անվճար GNU/Linux նախագծի հիմնադիրներից մեկը:

Ըստ նրա զանգվածային հետապնդման թիրախ են բոլորը և այդ երևույթի դեմ պայքարը յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է: Դրա համար ամեն մարդ պետք է իմանա վնասակար ծրագրերից իրեն պաշտպանելու ձևը: Ըստ նրա առաջին հերթին դրան կարելի է հասնել ազատ ծրագրային ապահովման օգտագործմամբ: Նրա ասելով անվճար ծրագիրը հարգում է ազատությանը և օգտատերերի հանրությանը:

Ինչ վերաբերում է ֆիրմային ծրագրերին, ապա դրանք ամբողջությամբ գտնվում են իրենց ստեղծողների վերահսկողության ներքո: Այդ գործիքը (ծրագիրը) ստեղծողին հնարավորություն է տալիս օգտատիրոջ նկատմամբ հասնել իշխանության: Եվ դրա համար հեղինակը իր ծրագրում սովորաբար ավելացնում է օգտատիրոջ տեղեկատվական բազայի վերահսկելիությունը հասանելի դարձնող, «լրացուցիչ» ծրագրային մեխանիզմներ:

Սեփական տեղեկատվական բազան ապահովագրելու և հետաքրքրասեր ընկերությունների աչքից հեռու պահելու համար Սթոլմանը խորհուրդ է տալիս դրանք չպահել սերվերներում ( եթե, իհարկե այն օգտատիրոջ սեփական սերվերը չի): Նա նաև խորհուրդ է տալիս սեփական տեղեկատվությունը չվստահել ոչ «Google»-ին, ոչ «Microsoft»-ին, ոչ «Apple»-ին, ոչ «Facebook»-ին և այլն: Դրա համար պետք է օգտագործել հաշվարկների և տեղեկատվության պահպանման համար «տեղային», լոկալ համակարգիչներ և ոչ թե օգտվել ինչ-ինչ «վեբ-ներդիրներից»:

Անձնական և այլ գաղտնիքները համակարգչում պաշտպանելու մի ձև էլ այն է, որ պետք է համացանց մտնել այնպիսի բրազուերների միջոցով, ինչպիսին, ըստ Սթոլմանի, օրինակ «Թոգ»-ն է: Դա թույլ է տալիս, որ, մի այնպիսի ընկերություն, ինչպիսին «Facebook»-ն է, չկարողանա ըստ իր հայեցողության օգտատիրոջն ու նրա անձին վերաբերող տեղեկատվությունը վերահսկելի կամ օգտագործելի դարձնել:

Ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, համակարգիչների և հաղորդակցման սարքերի կողմից մարդու անհատական ազատությանը և տեղեկատվական անվտանգությանը նետված լուրջ մարտահրավերը առկա է և դրա գոյության վերաբերյալ տեղեկատվությունն առավել քան բավարար է, հակառակը պնդողների ասածներին չհավատալու համար:

Ուստի, զանգվածային վերահսկումից ինքնապաշտպանության եղանակները ենթադրում են ոչ միայն տեխնիկական այդ ոլորտներում նվազագույն գիտելիքների անհրաժեշտություն, այլև այդ հարթության մեջ անընդհատ խոցելի դառնալու վտանգի գիտակցում:

Նման զգոնությունը ժամանակակից կապի ու հաղորդակցման տեխնիկական հնարավորությունների բերած վնասներից սեփական անձը, հարազատներին, բարեկամներին, ծանոթներին, բնակավայրն ու երկիրը պաշտպանելու կարևոր բաղադրիչներից է և այդ մասին պետք է իմանա յուրաքանչյուր մարդ՝ անկախ այն բանից համակարգչի մո՞տ է, թե՞, դրանից հեռու:

Հեղ. «Թագլուր»
    Դիտվել է 978 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ