Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անիմացիոն ֆիլմերի ստուդիան ոչ թե փակվել, այլ միայն դադար է առել

08.07.2014

Ճապոնական «Ghibli» անիմացիոն ֆիլմերի հանրահռչակ ստուդիան ոչ թե ընդհանրապես փակվում է, ինչպես ներկայացրել են համաշխարհային որոշ լրատվամիջոցներ, այլ միայն, ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքները: Այդ մասին տեղի «NHK» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Ghibli»-ի տնօրեն Թոսիո Սուձուկին:

«Մենք ցանկանում էինք ստեղծել երազանքի ընկերություն: Եվ ինչ-որ չափով դա մեզ հաջողվեց: Սակայն հիմա եկել է այն ժամանակը, երբ մեզ հարկավոր է մտածել այն մասին, թե ինչ պետք է անել այսուհետ»,- ասել է ստուդիայի տնօրենը:

Ասենք, որ այդ նույն հարցազրույցում Թոսիո Սուձուկին նաև հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ «Ghibli» անիմացիոն ֆիլմերի ստուդիա կվերադառնա այդ հաստատության համահիմնադիր և նշանավոր ռեժիսոր Հայաո Միյաձակին: Սուձուկին ասել է, որ Միյաձակին իր հետ քննարկել է Միթաքա քաղաքում գտնվող «Ghibli»-ի թանգարանի համար կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորությունը:

«Ghibli»-ի համահիմնադիր Հայաո Միյաձակին 2013 թ.-ին հայտարարել էր, որ ավարտում է կարիերան և հեռացել էր 1985թ.-ին ստեղծված ստուդիայի ղեկավարի պաշտոնից: «Ghibli» անիմացիոն ստուդիայում Միյաձակին նկարահանել է համաշխարհային հռչակ վայելող «Իմ հարևան Թոթորոն» (1988), «Արքայադուստր Մոնոնոկեն» (1997), «Որվականներից քշվածները» (2001), «Փոնյո ձկնիկը հրվանդանին» (2008), «Քամին սաստկանում է» (2013) անիմացիոն ֆիլմերը:
    Դիտվել է 575 անգամ