Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ալեն Դելոնը այսօր նշում է իր 80 ամյակը

11.09.2015

20-րդ դարի համաշխարհային կինոյի մեծ վարպետ Ալեն Դելոնը բոլորեց իր 80 ամյակը:

Նա համարվում է ժամանակաշրջանի խորհրդանիշ, էկրանի արքա, գեղեցկության էտալոն:

Նկարահանվել է այնպիսի մեծ վարպետների ֆիլմերում, ինչպիսիք են Լուչիանո Վիսկոնտին, Միքելանջելո Անտոնիոնին, Ժան Գոդարը և այլոք: Նրա մասնակցությամբ կինոժապավենները համարվում են համաշխարհային դասական գործեր:

«Ես հպարտ եմ, որ ֆրանսիացի միակ արտիստն եմ, ով կարող է նույնիսկ պաշտետ պատրաստել»,-հումորով նշել է մի անգամ դերասանը՝ ակնարկելով, որ իր ինքնուրույն կյանքի ու վաստակի առաջին քայլերը կատարել է իր խորթ հորը պատկանող մսավաճառի կրպակում:

Սակայն, ըստ ամենայնի, այդ աշխատանքն այնքան էլ նրա սրտով չի եղել ու պատանին հաճախ փախել է տնից: Թերևս դա էլ պատճառ է հանդիսացել, որ տարիքը համապատասխանելուն պես ծնողները Ալենին ցուցակագրել են բանակ զորակոչվողների ցանկում: Իսկ դրանից հետո զրույցներ էին պտտվում, որ Հնդկաչինում նա նույնիսկ գերի է ընկել, սակայն իր աներևակայելի գեղեցկության համար ներում է ստացել:

Ապա դրան հաջորդել են Մուլեն Ռուժը, Փարիզի կարմիր լուսամփոփների թաղամասը... Ասում են փողոցում նրան մի անգամ տեսել է մի հոլլիվուդյան պրոդյուսեր և հրավիրել նկարահնման, սակայն Դելոնը որոշել էր իր կարիերան կառուցել Եվրոպայում:

Եվ Եվրոպայում նույնպես, շուտով, նրան նկատեցին... Նա նկարահանվեց առաջին կինոնկարներում՝ «Ռոկկոն և իր եղբայրները», «Արևի խավարում», Վառ արևի տակ»... Ֆիլմեր, որոնք այսօր, արդեն, համաշխարհային կինոյի դասական գործեր են համարվում:

Մի անգամ նրան հարցրել են. «Ինչ է սերը»: «Սերը դա Ռոմին է»,- պատասխանել է Ալեն Դելոնը:

Ավստրուհի Ռոմմի Շնայդերն արդեն բեմում և կինոյի աշխարհում մեծ հռչակ վայելող արտիստուհի էր: Նրանց ծանոթությունը կայացավ նկարահանման հրապարակում: Այդ սիրավեպը դարձավ լեգենդ: Նրանք համարվում էին Փարիզի ամենագեղեցիկ զույգը: Սակայն, չգիտես ինչու, Ալենը որոշեց ու ամուսնացավ մեկ ուրիշի հետ: Այդ մասին Ռոմին իմացավ թերթերից...

Բաժանումից 7 տարի անց նրանք կրկին հանդիպեցին նկարահանման հրապարակում և խաղացին լեգենդար «Ջրավազան» ֆիլմում: « Դա ֆիլմ է, որը ես չեմ կարողանում դիտել: Ես հիշում եմ յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր երկխոսություն, ինձ հաճելի է այստեղ գտնվելը, սակայն չափազանց ծանր է այդ ֆիլմը դիտելը»,- ասել է դերասանը իր հարցազրույցներից մեկում:

Ընդհանրապես, Ալեն Դելոնը, չհաշված նրա բազմաթիվ սիրավապերը, երեք անգամ քաղաքացիական ամուսնության մեջ է եղել 3 տարբեր կանանց հետ և հիմա ունի երեք երեխա...

Վերջին ժամանակներում Շվեյցարիայի իր առանձնատանը Դելոնն ապրում է միայնակ՝ իր սիրելի շների շրջապատում: Հարցազրույցներ չի տալիս: Նրա անվան շուրջ առասպելներն ու լեգենդները հիմա ավելի ու ավելի են գունազարդվում: Կինոյում նկարահանվում է հազվադեպ, ընտրում է միայն հատուկ դերերը: Վերջիններից մեկը իր իսկ ծաղրանմանությունն է: Ֆրանսիայում լավ հայտնի է, որ իր մասին արտիստը հիմնականում խոսում է 3-րդ դեմքով: Դրա լավագույն դրսևորումը արտահայտվեց նաև «Աստերիքսի» հերթական սերիայում, որտեղ նա հանդես էր գալիս Հուլիոս Կեսարի դերում:

«Ինչ-որ ժամանակ բարեկամներս ասում էին. « կարելի է խենթանալ, ինչպիսի կերպար է, ախր դա դու կարող էիր լինել»: Իսկ ես մտածում էի, դե լավ, ով եմ ես: Ես այդպես էլ այդ հարցին չեմ պատասխանել...»,- անկեղծ, գրեթե մանկական անմիջականությամբ և արցունքներն աչքերի խորքում, ժպտում է արտիստը:
    Դիտվել է 718 անգամ