Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մետրոյում կայանալիք համերգի հանդիսատեսները հատուկ հրավիրյալ մարդիկ են

05.13.2016


Մայիսի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաքի, թերևս, ամենաերթևեկելի ու մարդաշատ հատվածում՝ մետրոյում, իսկ ավելի ստույգ «Կրոպոտկինսկայա» կայարանում գիշերվա ժամը 2-ին կկայանա օպերային երաժշտության յուրահատուկ համերգ՝ նվիրված Մոսկվայի մետրոպոլիտենի ծննդյան 80 ամյակին: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մեկ ժամ տևողությամբ համերգի ընթացքում հանդես կգան Ռուսաստանի Մեծ թատրոնի, Դանիայի արքայական օպերայի և մի շարք այլ երգչախմբային համույթներ, որոնց կնվագակցի Ռուսաստանի դաշնության նախագահական նվագախումբը: Երաժիշտները մետրոպոլիտենի կայարանում հավաքվածների համար կկատարեն իտալացի կոմպոզիտոր Պետրո Մասկանիի «Գյուղական պատիվ» ստեղծագործությունը:

Իսկ այս յուրահատուկ համերգի հանդիսատեսները հատուկ հրավիրյալ մարդիկ են: Նրանք համացանցի այն օգտատերերն են, ովքեր հաղթել են մետրոպոլիտենի կողմից սոցիալական ցանցում անցկացված մրցույթներում: Անշուշտ չեն անտեսվել նաև մնացած ունկնդիրները: Նրանց համար էլ համերգը կհեռարձակվի Մոսկվայի քաղաքապետի և քաղաքային իշխանության կայքի տիրույթում՝ օն-լայն ռեժիմում:

Նշենք, որ կազմակերպիչները թողարկել են «Կրոպոտկինսկայա» կայարանում կայանալիք համերգը խորհրդանշող հատուկ ձևավորմամբ 500 հազար հատ «մշտական» տոմս՝ Մոսկվայի մետրոպոլիտենի երթուղիներից 2 անգամ օգտվելու համար: Դրանք արդեն երկու օր է, որ վաճառվում են մետրոպոլիտենի տոմսարկղերում:
    Դիտվել է 730 անգամ