Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քաղաքացիների տեսադաշտից գրությունը թաքցրել էին դագաղի կափարիչներով

08.04.2016


Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Պիրոգովի առափնյա փողոցում նախօրեին փակցվել էր «Դուք ոչնչացնում եք ազատությունը, սակայն մարդու ոգին չի ճանաչում կապանքներ» բովանդակությամբ մի կարգախոս: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը հղում անելով՝ «paperpaper.ru»-ին :

Դժգոհության այդ արտահայտությունը պետերբուրգցիներին ծանոթ է դեռևս 1976 թվականի օգոստոսի 3-ից: Հեղինակները իրենց բողոքի սլաքն ուղղել էին խորհրդային պետությունը ներկայացնող քաղաքային իշխանություններին և յուղաներկով խոշոր տառերով կարգախոսն ուղղակի գրել էին այն ժամանակ Լենինգրադ անունը կրող քաղաքի սրբություն սրբոց Պետրոպավլովյան ամրոցի քարե պատին:

Այսօր արդեն հայտնի են այն օրերի համար աննախադեպ համարձակ և վտանգավոր քաղաքական ակցիայի հեղինակները: Դրանք կարգերից դժգոհ երկու երիտասարդներ էին, որոնցից մեկը Յուլի Ռիբակովն էր, ով հետագայում դարձավ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, մյուսն այսօր էլ ստեղծագործող նկարիչ Օլեգ Վոլկովն էր:

Յուլի Ռիբակովը իր ֆեյբուքյան էջում հիշում է, որ այն ժամանակ դեպքի վայր հասած չեկիստները խառնվել էին իրար և չգիտեին ինչպես պատերի վրայից ջնջեն, վերացնեն հակասովետական համարվող նախադասությունը: Ի վերջո որոշում է ընդունվել այն քաղաքացիների տեսադաշտից թաքցնել հարևանությամբ գտնվող արհեստանոցից բերված դագաղի կափարիչներով:

Այս այլախոհական արարքի համար խորհրդային իշխանությունը երկու ընկերներին դատապարտեց 6 և 7 տարի ազատազրկման՝ ինչպես նշում է իր ֆեյսբուքյան էջում Յուլի Ռիբակովը իրենց ուղարկեցին «Բևեռային շրջան՝ ուժեղացված ռեժիմով գաղութ»:

Ավելացնենք, որ այդ դեպքերից 40 տարի անց, այսօրվա Պետերբուրգի հասարակական վայրում կրկին հայտնված նույն կարգախոսի մասին խոսելով, Ռիբակովը նշում է, որ «...այն չի կորցրել իր հրատապությունը» և ինքը խոնարհվում է նոր հեղինակների առջև:
    Դիտվել է 620 անգամ