Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եվս մեկ հաստատում, որ ձեռագրերը չեն ոչնչանում

11.21.2016


Մարինյան թատրոնի նվագախումբը դեկտեմբերի 2-ին Սանկտ-Պետերբուրգի երաժշտասերներին առաջին անգամ կներկայացնի Իգոր Ստրավինսկու «Հուղարկավորման երգ» ստեղծագործությունը, որը կենդանության օրոք անվերադարձ կորած էր համարել անգամ ինքը՝ հեղինակը: Այդ մասին թատրոնի լրատվական ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի ղեկավարությամբ ներկայացվող երաժշտական պիեսի այս համաշխարհային պրեմիերան նվիրված է ռուսաստանցի մեծ կոմպոզիտորի 135 ամյակին, որը պետք է նշվի եկող տարի:

Ստրավինսկու «Հուղարկավորման երգ» ստեղծագործությունը առաջին և միակ անգամ կատարվել է ավելի քան 100 տարի առաջ՝ 1909 թվականին Պետերբուրգի կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Ռիմսկի Կորսակովի հիշատակին նվիրված «Ռուսական սիմֆոնիկ համերգ» ծրագրի շրջանակներում:

Կորած համարվող ստեղծագործությունը հայտնաբերվել է 2015 թ.-ին՝ Սանկտ Պետերբուրգի Կոնսերվատորիայի նոտային գրադարանի մինչ այդ անհասանելի համարվող պահեստամասում, որը բացվել էր պատմական շենքի վերանորոգման նպատակով: Ասենք, որ հայտնաբեված ստեղծագործությունը գտնվելիս է եղել համապատասխան ակտով ոչնչացման ենթակա համարված այլ հին նյութերի հետ: Գտածոն ներկայացրել է Ստրավինսկու ստեղծագործության նվագախմբային ձայների համալիրը:

Հենց 58 նվագախմբային պարտիաներ ներկայացնող այդ համալիրի հիման վրա էլ Սնկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի փորձագետները վերականգնել են այդ երաժշտական պիեսի պարտիտուրը:

«Հուղարկավորման երգ»-ը Ստրավինսկին գրել է եռակի անձնակազմ ունեցող մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար: Այն ներկայացնում է դանդաղ տեմպով կատարվող 106 տակտ և ունի մոտ 11 րոպե տևողություն:
    Դիտվել է 598 անգամ