Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կալանավորը խնդրել է իրեն ազատ արձակել՝ կիսատ թողած գործերն ավարտելու համար

10.18.2017


Նախօրեին, հոկտեմբերի 17-ին, Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը մերժել է «Գոգոլ-կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովի խնդրանքն իրեն մի քանի օր ազատ արձակելու մասին և նրա տնային կալանքի ժամկետը երկարաձգել է մինչև 2018թ.-ի հունվարի 19-ը: Այդ մասին տեղեկացնում են այսօրվա ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ նշելով , որ ռեժիսորը այդ մի քանի օրերը խնդրել է Մեծ թատրոնում իր կիսատ թողած «Նուրեև» բալետի բեմադրությունը և երաժիշտ Վիկտոր Ցոյին նվիրված «Ամառ» ֆիլմի նկարահանումները ավարտին հասցնելու նպատակով:

Դատարանում նա նշել է, որ առանց իրեն այդ աշխատանքները ավարտին հասցնելը անհնար է: «Բաց թողեք ինձ, խնդրում եմ, դա կարելի է անել ավտոմատավորների հսկողությամբ, ինչպես կցանկանաք»,- դատավորին է դիմել Կիրիլ Սերեբրեննիկովը: Նրա հաշվարկներով «Նուրեև» բալատը ինքը կկարողանար վերջնական տեսքի բերել մի քանի օրում, իսկ ֆիլմի նկարահանումը ավարտել 5 օրվա ընթացքում:

Այս նույն դատարանը հայրենիքում և արտասահմանում պահանջարկված ռեժիսորին տնային կալանքի է դատապարտել 2017թ.-ի օգոստոսի 23-ին: Նա մեղադրվում է թատրոնին հատկացված 68 մլն ռուբլի պետական փողեր յուրացնելու մեջ:


Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 405 անգամ