Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր լրանում է ռեժիսորի հացադուլի 93-րդ օրը

08.14.2018

Լրացավ Ռուսաստանում կալանավորված ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովի հայտարարած հացադուլի 93-րդ օրը:

Արվեստագետին սպառնացող սովամահության լուրջ վտանգից անհանգստացած՝ «Le Monde» թերթը հրապարակել է ֆրանսիացի մի խումբ հայտնի արվեստագետների բաց նամակը, որով նրանք կոչ են անում ազատ արձակել կինոռեժիսորին:

«Մենք պետք է գործենք արագ, որպեսզի թույլ չտանք, որ Օլեգ Սենցովը մահանա»,- նշված է բաց ուղերձում, որը շատերի թվում ստորագրել են նաև Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսսենը, նշանավոր կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը, բրիտանացի կինոռեժիսոր Քեն Լոուչը և այլք:

Նրանք նամակում նշել են, որ «Արվեստը սահմաններ չի ճանաչում, քանի որ այն ունիվերսալ է և անհրաժեշտ է պաշտպանել նրանց իրավունքները, ով այն ստեղծում է, դարձնում կենդանի»:

Նամակի հեղինակները նաև նշել են, որ «Կարծիքներ արտահայտելու ազատությունը և ստեղծագործելու ազատությունը ապրում են այնտեղ, որտեղ կա այլակարծություն»:

Այսօր, արդեն լրանում է բանտում գտնվող Օլեգ Սենցովի հայտարարած հացադուլի 93-րդ օրը: Նա հացադուլի պահից ի վեր կորցրել է 30 կգ քաշ: Ինչ-որ բժշկական գործողություններից հրաժարվելը կարող է ռեժիսորի մահվան պատճառ դառնալ:

Եվրոպացի մշակութային գործիչների կարծիքով այս ճակատագրական իրավիճակի լուծելու միակ հնարավորությունը գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում:





Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 493 անգամ