Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնը

07.07.2021

Նախօրեին, հուլիսի 6֊ին, գրեթե երկու տարվա ընդմիջումից հետո, կրկին իր մասին ավետեց համաշխարհային կինոյի մեծագույն իրադարձություններից մեկը՝ Կաննի միջազգային կինոփառատոնը։ Համանման միջոցառումների ցանկում արմավենու ճյուղերով զարդարուն կինոստուգատեսը միակն է, որ չփոխեց իր ձևաչափը, հանդես չեկավ ոչ առցանց տիրույթում, ոչ էլ այլ ձևաչափով, այլ, պարզապես հայտարարեց հերթական տարեկան միջոցառումը չեղյալ հայտարարելու, ապա և մի քանի ամսով հետաձգելու մասին։ Եվ ահա, 2021 թ․ կինոփառատոնը, որը թվով 74֊րդն է, սկսել է իր աշխատանքը։

Լազուրե ափի ստուգատեսը բացվեց «Լյումեր» կինոդահլիճի վարագույրը բացելու արարողությամբ։ Ապա կատարվեցին մնացած արարողակարգային քայլերը՝ կարմիր գորգ, նշանավոր կինոդեմքեր, հնչեղ պրեմիերաներ։

Կինոդիտման ծրագրում ընտրվել է 60 ֆիլմ, «Արմավենու ոսկե ճյուղի» համար կպայքարեն 24 կինոնկար։ Մրցութային կինոնկարներից են նաև նիդերլանդացի և ամերիկացի ռեժիսոր Փոլ Վերխովենի «Անաղարտ կույսը», իտալացի ռեժիսոր Նաննի Մորետիի «Երեք հարկ», ճապոնացի ռեժիսոր Ռյուսակե Համագուչիի «Դու կարող ես վարել իմ մեքենան» հեղինակային ֆիլմերը։

Կաննի կինոփառատոնը կավարտի աշխատանքները հուլիսի 17֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 274 անգամ