Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Սակուրով . «Առանց Ֆրանսիայի, առանց Եվրոպայի մենք չենք կարող ապրել»

09.22.2014

Օրերս Սանկտ-Պետերբուրգի ֆրանսիական հյուպատոսությունը իր երկրի կողմից մի խումբ ռուս գիտնականների և մշակութային գործիչների հանձնեց պետական պարգևներ: Նրանց մեջ էր նաև Ճանաչված ռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը, ում ֆրանսիայի կառավարության կողմից հանձնվեց գրականության և արվեստի շքանշան և շնորհվեց Ազգային շքանշանի սպայի կոչում: Այս մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը;

Պետերբուրգում Ֆրանսիայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Տիբո Ֆուրրիերը, խոսելով Սակուրովի վաստակի մասին, նշել է, որ նա հանդիսանում է այն մշակութային գործիչներից, ով հայտնի է ֆրանսիայում ապրող յուրաքանչյուր կրթված մարդու: «Ֆրանսիան Ձեզ երախտապարտ է ոչ միայն այն բանի համար, ինչին դուք արդեն հասել եք: Դուք հայտնի եք նաև Ձեր անկախությամբ և արվեստն իրեն ենթարկելու իշխանությունների փորձերին հակադրվելու ունակությամբ»: Հյուպատոսը նաև նշել է, որ Սակուրովի նկարահանած կինոնկարները վերածվում են ռուս-ֆրանսիական մշակութային կապերի փիլիսոփայական բաղադրիչի:

Սակուրովն այսօր Փարիզում նկարահանում է իր նոր ֆիլմը, որը կրում է «Ֆրանկոֆոնիա» անվանումը: Նա, ընդունելով պարգևը, ափսոսանք հայտնեց Եվրոպայի և Ռուսաստանի միջև վերջին շրջանում արձանագրվող վատ հարաբերությունների համար; «Մենք պետք է բռնենք մեկս՝ մյուսին: Քաղաքական բարդացումները իմ և մեր ֆիլմի վրա չեն անդրադառնում, սակայն ես տեսնում եմ,որ մարդիկ չեն հասկանում այն, ինչ որ կատարվում է Ռուսաստանում, թե ինչու համար, հանկարծ, ի հայտ եկավ այս դաժան հակամարտությունը, ռազմական իրավիճակը»: Նա նաև նշել է, որ ամաչում է այդ ամենի և այն իրողության համար, որ հաճախ ինքն էլ չի հասկանում, թե այնտեղ ինչ է կատարվում:

Ալեքսանդր Սակուրովը նաև բարձր է գնահատել Ֆրանսիայի բացառիկ նշանակությունը Ռուսաստանի համար: «Առանց Ֆրանսիայի, առանց Եվրոպայի մենք չենք կարող ապրել: Մենք Ձեր կրտսեր քույրն ենք: Մենք լավ և հուսալի քույր ենք: Մենք երբեք Ձեզ չենք լքի, ինչպես չլքեցինք պատերազմի խելահեղ ժամանակներում»,- ասել է Սակուրովը:

Սակուրովի հետ միասին ֆրանսիական պարգևներ են ստացել նաև Պետերբուրգի թատրոնի և երաժշտական արվեստի թանգարանի տնօրեն Նատալիա Մետելիցան, Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր Նիկոլայ Բարիշնիկովը, ով մեծ ներդրում ունի Ռուսաստանի հարավում 1994թ.-ին ֆրանսիական մշակույթի կենտրոններ հիմնելու աշխատանքներում:
    Դիտվել է 854 անգամ