Նյու-Յորքի 108 և 63 փողոցների հատման վայրը այսուհետ կկրի Սերգեյ Դովլաթովի անունը
06.30.2014

Ընդունված փաստաթղթում ամերիկյան մեգապոլիսի քաղաքային խորհուրդը նշում է, որ, 1978թ.-ին արտաքսվելուց հետո, Սերգեյ Դովլաթովը շուրջ 10 տարի ապրել է անուն չունեցող 108-րդ և 63-րդ ճանապարհների խաչման հատվածում, որը գտնվում է Նյու-Յորքի Քուինսի շրջանում: Այսուհետ Նյու-Յորքի հենց այդ երկու փողոցների հատման վայրը կկրի «Սերգեյ Դովլաթովի ճանապարհ» (Sergei Divlatov Way) անվանումը: Այժմ քաղաքային խորհրդի կողմից ընդունված փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի գրասենյակի կողմից:
Դովլաթովը արտաքսման տարիներից ի վեր, մինչև իր կյանքի վերջը՝ 1990թ.-ն, ապրել և ստեղծագործել է ամերիկյան միջավայրում: Նա դարձել էր ազդեցիկ լրագրող, խմբագրել է «Նոր ամերիկացի» հանդեսը, իսկ նրա պատմվածքները և վեպերը սկսեցին հրատարակվել անգլերեն լեզվով, այդ թվում շատ հեղինակավոր «The New Yorker» հանդեսում:
Ի դեպ, այդ հանդեսում տպագրվելու կապակցությամբ մեծատաղանդ գրող Քուրթ Վոննենգութը Դովլաթովին նամակ է գրել, որում մասնավորապես նշում էր. «Ես ծնվել եմ այս երկրում և կռվել եմ նրա համար, բայց ինձ այդպես էլ չհաջողվեց «The New Yorker»-ին վաճառել գոնե մեկ պատմվածք: Իսկ հետո հայտնվեցիր դու և՝ «շրխկ», մեկ անգամից դա արեցիր»: