Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

70 տարի առաջ այս օրը զոհվել է «Փոքրիկ իշխանը» հրաշապատման հեղինակը

07.31.2014

Ուղիղ 70 տարի առաջ հետախուզական թռիչքից ետ չվերադարձավ ամենից հայտնի օդաչուներից և գրողներից մեկը՝ Անտուան դ՝ Սենտ-Էքզյուպերին:

1944 թ.-ի հուլիսի 31-ին ամերիկյան «Lightning P-38» օդանավով նա պետք է լուսանկարահաներ Սավոյեի շրջանը, որտեղով նախատեսվում էր սկսել հակաֆաշիստական զորքերի առաջխաղացումը, Միջերկրական ծովով դրանց ափհանումից հետո:

Սակայն ինքնաթիռն ահետացավ:

Տասնյակ տարիներ հայտնի չէր այդ օդանավի նույնիսկ մոտավոր ընկնելու վայրը: Բայց 1998 թ.-ին այն բացահայտվեց պատահականորեն՝ Մարսելից ոչ հեռու, երբ ձկնորսական ցանցը ծովի հատակից դուրս բերեց շղթա-բազկակալ, որի վրա դրվագված էին Սենտ-Էքզյուպերիի և նրա կնոջ՝ Կոնսուելայի անունները:

Դրանից երկու տարի անց համապատասխան համարանիշերով ինքնաթիռը ջրասուզակները հայտնաբերեցին Ռիու կղզու մոտակայքում: Ավելի ուշ այս շրջանում ինքնաթիռի գոյությունը հաստատեց նաև մինչև խոր ծերություն ապրած գերմանացի օդաչուն, ով այդ օրը տեսել էր իրենից մի քանի կիլոմետր ավելի բարձր թռչող «Lightning P-38»-ին:

Պատրաստվելով իր վերջին թռիչքին Սենտ-Էքզյուպերին ասել էր. «Եթե ինձ վայր գցեն, ես իմ կյանքում որևէ բանի համար չեմ ափսոսա»: Նրա ինքնաթիռի բեկորները, փորձագետների հաստատմամբ, հայտնաբերվել են մի շրջանում, որտեղ նա, ընդհանրապես չպետք է հայտնվեր, քանի որ մարտական առաջադրանքը վերաբերել է Ֆրանսիայի բոլորովին այլ տարածաշրջանի:

Դրա պատճառները դեռ մնում են անհայտ: Ենթադրվում է, որ կամ Սենտ-Էքզյուպերին թևանցելիս է եղել ոչ բարենպաստ բնակլիմայական գոտին, կամ էլ Սավոյեի ուղղությամբ հանդիպել է զենիթային ուժեղ կրակի և որոշել է դրա փոխարեն լուսանկարել գերմանական առափնյա ամրացված գոտին:

Մինչև այսօր էլ շարունակվում են վեճերն այն մասին, որ 44-ամյա օդաչուի մեքենան կամ խոցվել է, կամ էլ՝ արդեն վաղուցվանից հոգեկան դեպրեսիայի մեջ գտնվող, սիրային հիասթափություններ ապրած տղամարդը որոշել է վերջ տալ սեփական կյանքին:

Այս երկու տեսակետներն էլ ունեն իրենց կողմնակիցների ստվար զանգվածը: «Ես չեմ հավատում, որ դա ինքնասպանություն է: Անտուանը միշտ մեզ ասում էր. «Ես այս ճանապարհով կգնամ մինչև վերջ՝ կամ կապրեմ մինչև պատերազմի ավարտը, կամ՝ կզոհվեմ» »,- նշել է գրողի զարմիկը՝ Ֆրանսուա դ՝Արեն:

«Փոքրիկ իշխանը» հրաշապատման հեղինակի վարած ինքնաթիռի բեկորները պահպանվում են Փարիզի մերձակայքում գտնվող Բուրժե քաղաքի ավիացիայի թանգարանում:
    Դիտվել է 525 անգամ