Կբացվի «ռուսական մշակույթի մաս» հանդիսացող արվեստագետի թատրոնին նվիրված ցուցահանդեսը
12.09.2014

Սանկտ – Պետերբուրգում ընթացող 3-րդ Միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում հայտնի նկարիչ Միխայիլ Շեմյակինը այսօր, մի քանի ժամ հետո, իր հիմնադրամի հարթակում կբացի «Արվեստագետը և թատրոնը» ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այս մասշտաբային ցուցահանդեսի նախագիծը ներկայացնում է Շեմյակինի ստեղծագործության թատերական այլընտրանքը և կծանոթացնի նրա կատարած աշխատանքներին՝ «Շչելկունչիկ», «Կախարդական ընկույզ», «Մետաֆիզիկական բալետ», «Կոպպելիա» բալետների բեմադրություններում:
Էսքիզները, դիմակները, կոստյումները, և բուտաֆորիան, որոնք արվեստագետը պատրաստել է Մարինյան թատրոնի, ինչպես նաև Վիլնյուսի և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնների համար, ոչ միայն կներկայանան իրենց գեղեցկությամբ, այլև այցելուներին հնարավորություն կընձեռեն խորամուխ լինել ներկայացումների բեմադրական աշխատանքների շատ նրբությունների մեջ:
Յուրաքանչյուր էսքիզ մի ավարտուն կերպար է, որը պատկերացում է տալիս բեմադրության այս կամ այն մասնակցի մասին, ներկայացնում նրա բնավորությունը, ի հայտ բերում նրա շարժումների պլաստիկան, տեսանելի դարձնում նրա ծնունդը:
Թատրոնն իր գրոտեսքային այլակարծություններով և հաճախ անսպասելի ընթերցումներով ներթափանցող է նաև Միխայիլ Շեմյակինի հաստոցային ստեղծագործությունների մեջ, որոնք ցուցադրանքում կներկայացվեն «Սանկտ-Պետերբուրգի դիմակահանդեսը» շարքով:
Նկարիչ և քանդակագործ Միխայիլ Շեմյակինը կարծում է, որ ինքը հանդիսանում է ռուսական մշակույթի մաս: Սակայն, ինչպես ինքն է գրում իր մասին երրորդ դեմքով «snob.ru»-ում. «Բայց նա չի ցանկանում և չի պատրաստվում ապրել ժամանակակից Ռուսաստանում»: Նա նշում է, որ 30 տարի առաջ, երբ իր ֆանտասմագորիկ ստեղծագործությունները ճանաչում ստացան «անդերգրաունդյան շրջանակներում», իրեն արտաքսեցին ԽՍՀՄ-ից:
Շեմյակինը համաշխարհային համբավ ստացավ Փարիզում, ապա ստացավ ամերիկյան քաղաքացիություն, թեև այժմ ապրում է ֆրանսիական գավառում:
ԽՍՀՄ-ի փլզումից հետո նա կրկին սկսեց աշխատել հայրենիքում: