Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Հռոմում
03.05.2015

Այսօր, մարտի 5-ին Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում բացվել է հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Այդ մասին ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ցուցահանդեսը, որ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներկայացնում է 26 ցուցանմուշ, որոնք տրամադրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Մատենադարանը և Հայաստանի պատմության թանգարանը:
Բացի այդ ցուցահանդեսին, ավելի քան 60 բացառիկ վավերագրերով և այլ ցուցանմուշներով մասնակցում են Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություններ` Վենետիկի, Ճենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագրերով:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում և կտևի մինչև մայիսի 3-ը: