Հրատարակվել է Մեծ եղեռնի մասին առաջին ֆիլմի համար հիմք հանդիսացած գիրքը
03.11.2015

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայերեն թարգմանությամբ հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը: Այդ մասին «genocide-museum.am»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռատի Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյանի) հուշերը, որոնք ականատեսի և վկայի հավաստիությամբ ներկայացնում են տարագիր և բռնագաղթյալ հայերի անցած անմարդկային փորձություններով լի ճանապարհը:
Այդ գիրք-մեղադրանքը եղեռնից մազապուրծ Ավրորա Մարդիգանյանը գրել է 1918-ին, երբ ճակատագիրը նրան հասցնում է ԱՄՆ: «Հոշոտված Հայաստան» վերնագրով այդ հրատարակության հիման վրա նկարահանվում է «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը:
«Գիրքս նվիրում եմ այս սքանչելի երկրի` Միացյալ Նահանգների բոլոր այն մայրերին ու հայրերին, ովքեր իրենց դուստրերին դաստիարակել են ճշմարիտ հավատով առ Աստված:
Աչքիս առջև է մայրիկիս անշնչացած մարմինը` նետված անապատ այն բանի համար, որ ինձ ավանդել էր չուրանալ Հիսուս Քրիստոսին` մեր Փրկչին: Ես տեսել եմ տանջամահ եղող հորս, ով իր փոքրիկ աղջկան պատգամել էր. «Հավատա մեր Տիրոջը, թող նրա կամքը կատարվի»: Ես տեսա հազարավոր գեղանի մայրերի սիրասուն դուստրերին, որ նահատակվեցին թուրքի մտրակի կամ դանակի հարվածներից, սովից ու ծարավից կամ էլ քշվեցին գերության, որովհետև չուրացան իրենց քրիստոնեական փառավոր հավատքը:
Աստված ողորմած եղավ իմ հանդեպ և խնայեց կյանքս՝ հնարավորություն տալով ազգիս փրկված բեկորների պատգամը փոխանցելու ամերիկացի ժողովրդին, որպեսզի ամերիկացի յուրաքանչյուր հայր, յուրաքանչյուր մայր հասկանա, որ այն, ինչ պատմելու եմ այս գրքի էջերում, սիրո ու փառաբանության խոսք է առ Աստված… իմ փրկության համար»,- ներկայացնում է իր գիրքը Ավրորա Մարդիգանյանը: