«System of a Down» ռոք խումբը Մեծ եղեռնի 100-ամյակի կապակցությամբ հանդես է գալիս Մոսկվայում

Ռուսական պարբերականը 4 անդամից կազմված երաժշտական խումբը համեմատելով մեկ այլ հանրահայտ հայ երաժշտի՝ Շարլ Ազնավուրի հետ, նշում է, որ «Ազնավուրը ամեն անգամ թեև հիշեցնում է իր արմատների մասին, այնուամենայնիվ, իր երգեցողությամբ ու երաժշտությամբ միաձուլվել է ֆրանսիական շանսոնի ավանդներին: Իսկ ահա երգիչ Սերժ Թանկյանը և խմբի երկրորդ առաջատարը՝ գիթառիստ և երգիչ Դարոն Մալաքյանն իրենց ծագման մասին հիշեցնում են բառացիորեն յուրաքանչյուր նոտայով»:
Լրատվամիջոցը ընդգծում է, որ խումբը պարբերաբար կատարում է նաև հայկական ժողովրդական երգեր և, թերևս, «դրանք ամենաազդեցիկ համարներն են նրա համերգներում»: Թերթը նաև նշում է, որ այդ երգերի երգչախմբային կատարումները 15 հազար հոգուց բաղկացած հանդիսասրահի մասնակցությամբ երկար կմնան հիշողության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ համերգային շրջագայություններ սկսած «System of a Down» ռոք խումբը այդ նույն ծրագրով, որը կրում է «Wake Up Souls» խորագիրը, ապրիլի 23-ին բացօթյա ելույթով հանդես կգա Երևանի Հանրապետության հրապարակում: