Հայաստանը Կաննի միջազգային երաժշտական ինդուստրիայի պատվավոր հյուրն է

«Միդեմ-2015»-ի Հայաստանի խորհրդանիշը ներկայացնում է 4 գույների համադրությամբ նռան պատկեր, որտեղ գույներից յուրաքանչյուրը հանդիսանում է բնական մեկական տարերքի՝ հողի, ջրի, օդի և կրակի խորհրդանիշ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը. «Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված է նաև վիզուալ առումով: Ողջ քաղաքը զարդարված է հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է Հայաստանին»։
Նախագահի կայքը նաև տեղեկացնում է, որ Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ողջ երեկո փակվել է, և դադարեցվել է երթևեկությունը: Իսկ փառատոնի բացումը տեղի է ունեցել Կարլտոնե հյուրանոցում, որտեղ հանդես են եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը և այլք, կայացել է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի նկարների ցուցահանդեսի բացումը և դիզայներ Վահան Խաչատրյանի հնագույն հայկական մոտիվներով հագուստների ցուցադրությունը: Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև հայ ազգային խոհանոցն ու խմիչքները:
«Միդեմ-2015»-ում Հայաստանի պատվավոր մասնակցությունը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ: