Պետերբուրգում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
06.18.2015

«Ռուսական Հայաստան - Հայկական Ռուսաստան» խորագրով ցուցահանդես կբացվի ուրբաթ օրը, հունիսի 19-ին, Սանկտ-Պետերբուրգում: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումը կազմակերպել են Ռուսաստանի կրոնի պատմության պետական թանգարանը, Հայկական առաքելական եկեղեցին, Սանկտ –Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարությունը՝ Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:
«Հայաստանը և Ռուսաստանը միավորված են բարեկամության վաղեմի կապերով: Ռուս-հայկական կապերը արմատներով սկիզբ են առնում 11-12 դարերից: Հարյուրամյակների ընթացքում տարբեր էթնիկական և լեզվական խմբերի պատկանող այս ժողովուրդները միավորված են ընդհանուր մշակույթով և կրոնական ավանդույթներով, ապրում են սերտ կապերով, խաղաղության և համերաշխության պայմաններում: Ներկա նախագիծը կոչված է հնարավորինս առավել ձևով ներկայացնելու այդ պատմական ընդհանրությունը, ցուցադրելու երկու պետությունների շփումների լայն հնարավորությունները և համագործակցության ոլորտները»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Ցուցադրանքում հիմնականում տեղ են գտել Կրոնի պատմության թանգարանի կողմից կազմակերպված լուսանկարների մրցույթի աշխատանքները, որոնք ստացվել են թե Ռուսաստանի և թե Հայաստանի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներից:
Ընդհանուր առմամբ հավաքվել է ավելի քան 200 լուսանկար, որոնք ներկայացվել են երեք հիմնական ՝ «Տաճար տանող ճանապարհ», «Ձգողականության կետեր» և «Աշխատանքային օրեր և տոներ» և մեկ լրացուցիչ՝ «Հայաստանը ռուսաստանցի ճանապարհորդների աչքերով» անվանակարգերով: