2017թ.-ին գլխավոր «Օսկարը» ձեռքից ձեռք էր անցնում
02.27.2017

Այդ անվանակարգում մրցանակ հանձնող լեգենդար դերասաններ Ուորեն Բիթթին և Ֆեյ Դանուեյը հաղթող հռչակեցին «Լա-Լա լենդ» ֆիլմին: Այսպիսի արդյունքը սպասելի էր և արդեն համաշխարհային մի շարք կինոֆորումներում բարձրագույն մրցանակի արժանացած այդ երաժշտական կինոնկարի ռեժիսոր Դեմյան Շազելը և ֆիլմի նկարահանմանը մասնակցած նրա թիմի ներկայացուցիչներն այդ երեկո 7-րդ անգամ դուրս եկան բեմ՝ հերթական «Օսկարն» ընդունելու համար: Սակայն հենց այդ պահին, հանկարծ պարզվեց, որ հաղթողը ոչ թե «Լա-Լա լենդ»-ն է, այլ՝ «Լուսնի լույսը» գեղարվեստական կինոնկարը:
Ի դեպ, շատ լրատվամիջոցներ այս շփոթմունքը շատ երկիմաստ որակեցին, քանի որ սպիտակ ջազմենի մասին պատումը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում իր տեղը զիջեց սևամորթ համասեռամոլի մասին կինոնկարին:
Անցած տարի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հնչեցված ռասսայական խտրականության մասին հայտարարություններին հակառակ, այս անգամ մրցանակի թեկնուծուների ցուցակներում սևամորթ դերասանների քանակությունն ուղղակի ռեկորդային էր ստացվել: Ասենք, նաև, որ աննախադեպ էր նաև այն, որ «Օսկար»-ի պատմության մեջ առաջին անգամ երկրորդ պլանում հանդես եկած երկու «Օսկարները» բաժին հասան երկու աֆրոամերիկացի դերասանների:
Արարողության մեկնարկին հաղորդավար Ջիմմի Քիմմելը կոչ արեց հրաժարվել քաղաքական վեճերից և տարաձայնություններից, տրամադրվել կառուցողական ոգով, սակայն գրեթե ամբողջ արարողության ընթացքը նա ողողեց նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կատակներով և նույնիսկ Twitter-ով նրան ուղարկեց ողջույններ Մերիլ Սթրիփի կողմից:
Թեև ոչ միանշանակ և աղմկահարույց միջադեպերը արարողության ժամանակ երբեմն երբեմն տարբեր երանգներով դուրս էին գալիս մակերևույթ, սակայն, նշենք, որ հեղինակավոր մրցանակաբաշխության գլխավոր գործող անձը, այնուամենայնիվ, մնաց ռեժիսոր Դեմյան Շազելի «Լա-Լա լենդ» երաժշտական կինոնկարը, որն ի դեպ դարձավ ամենաերիտասարդ օսկարակիր ռեժիսորը: