Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բջջայինի սիրահարների» կորուստը կդառնար մշակութային հանցագործություն

04.23.2014

Անգլիայի ընդհատակի արվեստի՝ այդպես էլ չբացահայտված բայց աշխարհահռչակ դարձած նկարչի՝ Բենքսի հերթական գրաֆֆիթին (նկարչություն շենքերի պատերի վրա), այս շաբաթ հայտնաբերվել է Բրիսթոլում և «վանդալներից փրկվել է» տեղացի ակտիվիստների ջանքերի շնորհիվ: Այդ մասին հաղորդում է «buro247.ru» կայքը:

Չորեքշաբթի օրը «Broad Plain & Riverside» երիտասարդական նախագծի մասնակիցները այդ նկարը կտրել և հանել են Քլիմենթ-սթրիթի վրա գտնվող իրենց ակումբի պատից՝ հուսալով, որ դրա վաճառքից առաջացած գումարով կկարգավորեն իրենց ակումբի հետագա գոյատևման հարցը:

Ակտիվիստներն արվեստի գործը տեղադրել են միջանցքում և այն դիտել ցանկացողներից ընդհանուր առմամբ հասցրել են հավաքել 5 ֆունտի չափ նվիրատվություններ:

Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը «Բջջայինի սիրահարները» գրաֆֆիթին, որ պատկերում է ողջագուրվող և միաժամանակ իրենց բջջային հեռախոսները ստուգող մի զույգի, կցուցադրվի Բրիսթոլի քաղաքային գեղարվեստի պատկերասրահում՝ բոլոր դիտել ցանկացողների համար:

Այդ մասին հայտարարել է Բրիսթոլի քաղաքապետ Ջորջ Ֆերգյուսոնը: Նա իր ուրախությունն է հայտնել այն առթիվ, որ ակումբի անդամները համաձայնել են քաղաքին վերադարձնել արվեստի ստեղծագործությունը: Ըստ նրա այդ աշխատանքի կորուստը կդառնար մշակութային հանցագործություն: Նա նաև խնդրել է հեղինակին՝ Բենքսիին (ում ով լինելու մասին որևէ մեկը դեռ ոչինչ չգիտի), իրենց տրամադրել այդ նկարի սահմանափակ քանակությամբ տպագիր պատճեները՝ որոնք կվաճառվեն ակումբին օգնելու նպատակով:

Ակտիվիսների առաջնորդը՝ Դենիս Սթիչկոմբեն ասել է, որ «Բջջայինի սիրահարները» գրաֆֆիթին իրենց ակումբի պատին հայտնաբերել էին դեռ երկուշաբթի օրը, սակայն դրա արժեքավոր լինելու մասին հասկացել են հաջորդ օրը և որոշել այն փրկել վանդալներից ու չարակամներից: Նրանք նշել են, որ հնարավոր է, որ իրենց ակումբի հսկիչ տեսախցիկը նույնիսկ որսացած լինի հենց իր՝ Բենքսիի պատկերը:

Ինչպես գրում է «Daily Mail»-ը, կիրակի օրվա տեսագրության մեջ հայտնվում են ինչ-որ սպիտակ բեռնատարից ինչ-որ բան իջեցնող երկու մարդ: Սակայն, Բենքսիի դեմքը, ում ոչ մեկը չի ճանաչում, այս անգամ էլ տեսախցիկները չեն նկարահանել:
    Դիտվել է 638 անգամ